Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն թիավարության միջազգային ֆեդերացիային հավաստիացրել է, որ մարզիկները կկարողանան մայիս ամսին ժամանել Ճապոնիա ՝ մասնակցելու ընտրական մրցաշարերին: Իշխանությունները ծրագրում են մեղմացնել երկիր մուտք գործելու կանոնները, որոնք խստացվել են հայտնի պատճառով: Այնուամենայնիվ հարկ է կատարել համապատասխան պահանջները. պահպանել ֆիզիկական հեռավորություն, կրել դիմակ, ձեռնոց և տեղաշարժվել տրամադրվող մեքենաներով։
Թիավարության միջազգային ֆեդերացիայի գործկոմը հաստատել է մայիսի 5-7-ը Ասիայի և Օվկիանիայի օլիմպիական որակավորման մրցաշարի անցկացումը, որը նաև ստուգողական նշանակություն կունենա։
Անցյալ շաբաթ Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել Հարավամերիկյան երկրների օլիմպիականների ընտրությունը, որն ավարտվել է մի քանի օր շուտ՝ Բրազիլիայիում ընդունած նոր սահմանափակումների պատճառով:
Եվրոպացիները Տոկիոյի խաղերի ուղեգրերի համար կմրցեն ապրիլի 5-7-ը ՝ Իտալիայի Վարես քաղաքում: Որակավորման վերջնական ստուգատեսը նշանակված է մայիսի 21-23-ը՝ Շվեյցարիայի Լյուցեռնում:
Ի դեպ, եվրոպացի մարզիկների համար նախատեսված վարկանիշային մրցաշարերին նախապատրասատվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ մեր ակադեմիական թիավարները նույնպես կմրցեն Վարեսում, իսկ բայդարկա և կանոէ մրցաձևերում օլիմպիական ուղեգրերը կխաղարկվեն Հունգարիայի Տեգեց քաղաքում ՝ մայիսին: Երկու դեպքում էլ մերոնք հանդես կգան երկտեղանոց նավակներով: